Բանաստեղծություն, Բանաստեղծություներ

Վարդը .Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի 

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին. 

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ, 

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին. 

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։ 

Հարցեր և առաջադրանքներ 

1․Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը: 

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ: 

  1. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ։

3․ Ինչպիսի՞ն էր տղան։ 

4․ Վերնագրի՛ր բանաստեղծության քառատողերը։ 

5․ Նշի՛ր  քեզ ամենից շատ դուր եկած քառատողը  և  նկարի՛ր։ 

  1. 6. Հորինի՛ր պատմություն այս վերնագրերից մեկով:

Ա․ Ինչո՞ւ վարդը փշերը ունի 

Բ․ Ինչո՞ւ փշերը վարդ ունեն 

Բանաստեղծություներ, ճամփորդություններ

Աթաբեկ Խնկոյան. «Ծիծեռնակին»

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի.
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի

Արի՜, արի՜ , սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր:

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի:

Արի՜, արի՜ , սիրուս ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր:

Ծիծեռնակով գարուն կգա,
Անծիծեռնակ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի:

Արի՜, արի՜, սիրուն ծիծեռ,
Արի,՜, արի՜, գարուն դու բեր

Բանաստեղծություներ

Բզեզի դպրոցը. Հովհաննես Թումանյան

Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ…

— Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։

Պիտի սովրեք, սովրեք էնքան,

Մինչև դառնաք ինձ պես վարպետ։
Դե նըստեցեք հիմի հանդարտ,
Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ։

Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
Գ. Գաղտիկուռ, Դ. Դըդում…

Է՜յ, դու մորե՜խ, դեսն ականջ դիր,
Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում։

Ե. Երիցուկ, Զ. Զանազան,
Է. էշխըրտուկ, Ը. Ընկուզ…
Մի՛ աղմըկեք, հանաք հո չի՞.

Թիթե՛ռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս։

Մի՛ խառնըվեք, չեմ սիրում ես
Էդպես աղմուկ, աղաղակ։
Թ. Թըրթընջուկ, Ժ. Ժախ ու բոխ,
Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ։

Խ. Խընձորուկ, Ծ. Ծիրան,
Կ. Կըռոթուկ, Հ. Հաղարջ…
― Տե՛ս, վարժապետ, էս մըլակին,
Ինձ ասում է՝ սարի արջ։

— Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։

Տըզզան հիմար անասուն…
Ձ. Ձըմերուկ, Ղ. Ղանձլամեր,
Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր։

Դու, է՜յ ծըղրիդ, ո՞նց ես նըստել.
Գըլուխդ— ետ, մեջքըդ— դուրս։

Յ. Յունապի, Ն. Նունուֆար,
Շ. Շագանակ, Ո. Ողկույզ։

— Վա՜յ, էս ինչե՜ր կան՝ դասերում.
Ողկույզը ես շատ եմ սիրում…
— Իսկ ես կաղամբ կուտե՜մ, կուտե՜մ…

— Իսկ ես՝ ծիրան… — իսկ ես՝ կոտեմ…

Ձեզ չեն հարցնում՝ ի՛նչ կուտեք դուք
Քընաթաթախ՝ առտեհան։
Չ. Չինարի, Պ. Պատատուկ
Ջ. Ջըրկոտեմ, Ռ. Ռեհան։

Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի,
Տ. Տերեփուկ, Ց․ Ցաքի…
Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի,
Ձեր մեջ գըլուխ կըճաքի։

Փ. Փըրփըրրուկ. Ք. Քարասոխ,

Օ. Օֆ, պըրծանք վերջապես…
Դե գնացեք, վաղը կգաք
Անգիր արած ջըրի պես։—

Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ,

Վարպետ Բըզեզն՝ ամառն էսպես
Դաս էր տալիս մի ծառի տակ։